ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ԱՄՆ-Ի ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄԸ»

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ԱՄՆ-Ի ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄԸ»
21.01.2011 | 00:00

ԱՄՆ-ի և Իրանի փոխհարաբերությունների նույնիսկ ամենադրամատիկ պահերին, երբ ամերիկյան հետախուզական ծառայությունները չէին կարողանում ամենայն համոզվածությամբ պնդել կամ ժխտել ատոմային զենքի ստեղծման համար անհրաժեշտ բաղկացուցիչների առկայությունն Իրանում, Ամերիկայի պատգամախոս Զբիգնև Բժեզինսկին (հայկական արմատներով լեհական ընտանիքից սերած աշխարհի խոշորագույն քաղաքագետներից մեկը) շարունակում էր պնդել, որ անհրաժեշտ է կարգավորել ամերիկա-իրանական հարաբերությունները՝ որպես Մերձավոր Արևելքում և Ներքին Եվրասիայում ԱՄՆ-ի բազում խնդիրների և, անշուշտ, նավթի ու գազի ոլորտի խնդիրների լուծման գործոն։ Այդ գիծը Բժեզինսկին անցկացնում է առնվազն քսան տարի շարունակ, ինչը հարուցում էր ԱՄՆ-ում Իսրայելի բարեկամների ակնհայտ դժգոհությունը, թեև քաղաքագետը պնդում էր, որ Իրանի հետ հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի նաև Իսրայելի անվտանգության ապահովմանը։ Այնպիսի քաղաքական նախագծող, ինչպիսին Բժեզինսկին է, չէր կարող չհասկանալ, որ վաղ թե ուշ «ձախողում» է տեղի ունենալու ամերիկա-թուրքական հարաբերություններում, բայց գերադասում էր իրադարձություններից առաջ չընկնել, թեպետ, եթե ավելի ուշադիր խորամուխ լինենք նրա աշխատությունների մեջ, ապա կարելի է նկատել Թուրքիայի դերի և տեղի բացակայությունը «Եվրասիական Բալկաններում» ԱՄՆ-ի նոր ռազմավարության ձևավորման մեջ։ Քաղաքագետին երբեմն կշտամբում են, թե նա չի կարողացել կանխատեսել էական շատ իրադարձություններ, բացառությամբ ԽՍՀՄ փլուզման, ինչը ենթադրում էր նույնիսկ խորհրդային մտավորականությունը, բայց նման մակարդակի քաղաքագետները հարկադրված են հրաժարվել հանճարեղ կանխագուշակությունների ճանաչված հեղինակներ լինելու փառասիրությունից, քանզի նրանց արտահայտած մտքերը կարող են նկատելի շտկումներ մտցնել միջազգային քաղաքականության մեջ։ Չնշելն ու չնկատելը նույնպես արհեստավարժ աշխատանք են։ «Ես սովոր եմ, որ գործընկերներս զրույցի սկզբում իրենց լարված են զգում, բայց խոսակցության վերջում նրանք ավելի մեծ ըմբռնում ու անկաշկանդվածություն են զգում։ Խորհելով տարածաշրջանի երկրների շուրջ, ես երբեք թույլ չեմ տվել որևէ հարձակում Հայաստանի նկատմամբ և, անշուշտ, ոչ այն պատճառով, որ իմ հեռավոր հայ նախնիներն ինչ-որ ժամանակ հասել էին մինչև Լեհաստան, այլ այն պատճառով, որ Հայաստանը կարող էր լինել ԱՄՆ-ի անփոխարինելի գործընկերն ու բարեկամը»։ Ինչպես հայտնի է, ցանկացած առասպել սնուցում ու արդիականացում է պահանջում, թեկուզ մասնավոր զրույցներում, բայց պետք է խոստովանել, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ «իրանական հեռանկարը» մեծապես բացատրվում է դեռևս 90-ական թվականների կեսերին թուրք-ամերիկյան հարաբերությունների սպասվող վատթարացմամբ և «Մեծ Մերձավոր Արևելքի» տարածաշրջանում լուրջ այլընտրանքի որոնմամբ։ Իրանական թեման, անշուշտ, հետաքրքրում է ոչ միայն ամերիկյան քաղաքագիտության ուսուցչապետին, այլև ներկայիս որոշ այլ քաղաքական նախագծողների՝ Ռուսաստանի հետ կապված խնդիրների լուծման առնչությամբ, ինչն էլ պարտադրում է, Թուրքիայից բացի, տարածաշրջանում այլ ռազմավարական դաշնակից որոնել։
ԱՄՆ-ի առաջատար հետազոտական կենտրոնների և հաստատությունների կայքերում հրապարակվող վերլուծական նյութերում վերջին ամիսներին նկատվում են շատ հետաքրքիր մտքեր, որոնք առաջին հայացքից կարող են թվալ որոշ շփոթվածության արդյունք։ Խոսքն այն մասին է, որ այն «դրական մնացորդի» հետ մեկտեղ, որով ԱՄՆ-ը 2008 թվականի ամռանը դուրս եկավ Հարավային Կովկասի ռազմական հակամարտությունից, ինչը ամերիկացիներին թույլ տվեց ամրապնդել իրենց ռազմական ներկայությունը Սև ծով-Կովկասյան տարածաշրջանում, օրինակն է այն բանի, թե ԱՄՆ-ն ինչպես շեղվեց իր գլխավոր աշխարհաքաղաքական խնդրից՝ Չինաստանին դիմակայելուց։ Այս միտքը ոչ այնքան համոզիչ, բայց նկատվում է ինչպես մի շարք ամերիկացի քաղաքագետների, այնպես էլ նրանց աշխատություններում, ովքեր զբաղվում են Կովկասի և Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի խնդիրներով։ Եվ դա հասկանալի է, քանի որ Չինաստանի գծով ամերիկացի մասնագետները ներգրավված են ավելի նեղ խնդիրների լուծման մեջ և օժտված չեն այն խորագիտությամբ ու ներըմբռնումով, ինչը հատուկ է տվյալ տարածաշրջաններով մասնագիտացող վերլուծաբաններին։ Այսպիսով, այն միտքն է արծարծվում, որ ամերիկյան քաղաքականության մեջ նկատվում է բավականին «շահեկան» թեմաներով հրապուրվելը, ինչպիսիք են Կենտրոնական Ասիան և Մերձավոր Արևելքը, ինչը շեղում է ԱՄՆ-ի ջանքերն ու պաշարները այն դեպքում, երբ այդ աշխարհաքաղաքական ուղղությունը հեռավոր հեռանկարի տեսանկյունից ենթակա է միայն գլխավոր նպատակի իրագործմանը՝ Չինաստանի զսպմանը։ Այս առնչությամբ կարելի է եզրահանգել, որ Ներքին Եվրասիայում ԱՄՆ-ի քաղաքականությունն առնչվում է ավելի համապարփակ խնդիրների։ Բայց նույնիսկ Ներքին Եվրասիայում գերադաս դիրքերը չեն կարող ապահովել պետությունների հուսալի ճակատի ստեղծում այդ խնդրի կատարման համար, ուստի ամերիկացիներին անհրաժեշտ է ռազմավարական դաշինք Հնդկաստանի հետ՝ որպես գոյաբանորեն և գոյափիլիսոփայորեն Չինաստանին դիմակայող երկրի։ Ընդ որում, Հնդկաստանը, ամերիկացի քաղաքական նախագծողների մտահղացմամբ, պետք է դառնա Կենտրոնական Ասիայի ընդարձակ տարածաշրջանների ձգողականության «բևեռ», այն տարածաշրջանի, որն իր բնապաշարները պետք է տրամադրի Հարավային Ասիայի մեծագույն տերությանը։
2006 թվականին Ջորջ Բուշը մի փաստաթուղթ էր ստորագրել, որը բովանդակում էր Կենտրոնական Ասիայի էներգետիկ պաշարները դեպի Հնդկաստան ուղղորդելու խնդիրները։ Չնայած փաստաթղթում նշվում է ամբողջ Հարավային Ասիան՝ ներառյալ Պակիստանը՝ որպես կենտրոնասիական բնապաշարների սպառող, բայց կասկած չի հարուցում, որ բուն նպատակը Հնդկաստանն ուժեղացնելն է և Կենտրոնական Ասիայի նավթի, գազի և մյուս հումքային պաշարների մուտքը Չինաստան կանխելը։ Առայժմ ԱՄՆ-ի այդ խնդիրները հաջողությամբ ձախողվում են, քանի որ Կենտրոնական Ասիայի և Հնդկաստանի միջև հաղորդակցությունները, փաստորեն, բացակայում են։ Աֆղանստանը, որպես տարանցիկ երկիր, նոնսենս է, իսկ Չինաստանը, ընդհակառակը, եռանդագին իրականացնում է նավթի ու գազի փոխադրումը, և դա շատ ձեռնտու է Ղազախստանին, Թուրքմենստանին և ՈՒզբեկստանին, որոնք իրենց էներգապաշարների արտահանման հուսալի այլընտրանքային ուղեգծերի կարիք են զգում։ Էներգապաշարների արտահանությունն արդեն զգալի հետևանքների է հանգեցրել Չինաստանի արևմտյան նահանգների տնտեսական իրավիճակի մեջ։ Դա չի կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին։ Հնարավոր է, որ ներկայիս համաշխարհային տնտեսական ճգնաժամը նպաստի մոտավորապես 5-7 տարով, բայց ոչ ավելի, հետաձգելու Չինաստանի վերածմանը է՛լ ավելի հզոր տերության, սակայն հետագայում ԱՄՆ-ը պետք է արդյունավետ, խելամիտ քաղաքականություն մշակի, որի դեպքում Ռուսաստանի հետ ունեցած խնդիրները քննարկվելու են որպես գլխավոր խնդրի հավելված։ «Ծրագրի վարագույրն իջնելու» պահին Բուշի վարչակազմը Հնդկաստանի հետ պայմանագիր է ստորագրում ատոմային էներգիայի օգտագործման խնդիրների և նույն շարքի այլ հարցերի շուրջ, ինչը, փաստորեն, հուսալի հիմք է ապահովում ռազմավարական բնույթի ամերիկա-հնդկական դաշինք ստեղծելու համար։ Պետք է ասել, որ Բուշի վարչակազմը մի քանի անգամ փորձել էր Չինաստանի հետ ավելի վստահելի հարաբերություններ հաստատելու մոտեցումներ գտնել, ինչը մշտապես ապարդյուն էր անցնում։ Չինական ներթափանցմանը և նրա հզորության աճին հակազդելու ԱՄՆ-ի անպատրաստ լինելու «դասական» օրինակ հանդիսացավ Ռոբերտ Զոելիքի «պլանի» ձախողումը, որն ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ էր նշանակվել Ջ. Բուշի երկրորդ ժամկետով նախագահ վերընտրվելուց հետո։ Այդ նշանակումը կապված էր անմիջականորեն Չինաստանին առնչվող խնդիրների կատարման հետ։ Բայց Զոելիքին հաջողվեց այդ պաշտոնում մնալ վեց ամսից ոչ ավելի։ Նրա ծրագրի հիմքում ընկած էին ոչ թե Չինաստանին դիմակայելու, այլ ընդհանուր համաշխարհային խնդիրների լուծման մեջ վերջինիս ներքաշելու մտադրությունները, ընդ որում՝ ԱՄՆ-ի հետ առավելագույն համերաշխությամբ։ Ըստ երևույթին, ԱՄՆ-ը մեկընդմիշտ հրաժարվել է այդ ձեռնարկումից և հանգել այն հետևության, որ միայն ռազմաքաղաքական և տնտեսական ուժեղ դիմակայությունը հնարավորություն կտա զսպելու Չինաստանին։ Այսինքն, շեշտը դրված է աշխարհատնտեսության վրա, և այդ նախագծում Իրանը կարող է զգալի մասնակցություն ունենալ։
Իրանն ունի բնական գազի խոշորագույն պաշարներն աշխարհում, և այդ պաշարները դարձել են աշխարհատնտեսական օրախնդիր խաղի առարկա, թեև իրանական գազի օգտագործման խնդիրը վաղուց է քննարկվում համաշխարհային քաղաքականության մեջ։ Եվրոպացիները հասկանում են, որ առանց իրանական գազի պաշարների իրենց չի հաջողվի ինչպես հարկն է բազմակողմանի դարձնել այդ վառելանյութի մատակարարումները և նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից։ Ադրբեջանական գազը կարող է միայն շատ մասնակի և սահմանափակ դեր կատարել։ Թուրքմենական գազը դեռևս մնում է իբրև կասկածելի տարբերակ, քանի որ դրա համար պայքար է ընթանում Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ։ Չնայած եվրոպացիները, թեպետ դժկամությամբ, բայց կկառուցեին գազամուղ Թուրքիայի տարածքով, հետզհետե ավելի անվստահություն տածելով այդ երկրի՝ որպես գործընկերոջ հանդեպ, մինչդեռ իրանական գազի ծավալները թույլ կտային նկատելիորեն փարատել կասկածներն ու վտանգները։ Թուրքիայի համար «Նաբուկո» նախագծով գազամուղի կառուցումը և հատկապես իրանական գազի տարանցումը կնշանակեր էներգապաշարների փոխադրման միջմայրցամաքային հանգույցի կարգավիճակի ամրապնդում հօգուտ նրա։ Թուրքիան սիրահոժար կմասնակցեր Իրանի գազի հանքավայրերի մշակմանը, և արդեն հայտարարել է իր այդ մտադրությունների մասին, բայց ԱՄՆ-ը կտրականապես հանդես է գալիս իրանական գազը Եվրոպա փոխադրելու և «Նաբուկո» նախագծին Իրանի մասնակցության դեմ։ Անտրամաբանական կլիներ նավթի գների աղետալի անկում կազմակերպել և միաժամանակ Իրանին եկամուտներ ապահովել գազի արտահանումից։ Բայց հարց է ծագում. արդի պայմաններում, երբ էներգետիկան հայտնվել է համաշխարհային քաղաքականության կիզակետում, գազի իրանական պաշարները կարո՞ղ են մնալ չպահանջված և չօգտագործվել երկար ժամանակ։ Իրավիճակը կհարկադրի լուծել այդ հարցը։ Եվ այն կլուծվի եթե ոչ ԱՄՆ-ի մասնակցությամբ, ապա ուրիշ տերությունների կողմից։ ԱՄՆ-ի առաջ ներկայումս միայն այդ խնդիրը չէ, որ ծառացել է։ Վաշինգտոնը ջանում է թույլ չտալ իրանական գազի փոխադրումը Եվրոպա, Ռուսաստան և Չինաստան։ ՈՒստի ԱՄՆ-ի վարչակազմի առջև, այսպես թե այնպես, ծառանալու է այն հարցը, թե ինչն է ավելի նվազ անընդունելի, այսինքն՝ թույլ տալ իրանական գազի փոխադրումը Եվրո՞պա, թե՞ Չինաստան։ Այս առնչությամբ հրատապ կդառնան նաև Բժեզինսկու գաղափարներն Իրանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Իրանը, որը ձգտում է առավելագույնս նվազեցնել կախվածությունը նավթի արտահանությունից, փորձում է նավթի արտահանումից ստացվող եկամուտները փոխարինել գազի արտահանությունից ստացվող եկամուտներով։ Այդ պատճառով գազի թեման կարող է լավ հիմք հանդիսանալ բանակցությունների և ամերիկա-իրանական հարաբերությունների կարգավորման համար։ Բժեզինսկին և նրա հետ համագործակցող վերլուծաբանները կարծում են, որ իրանական գազի փոխադրումը Եվրոպա վնաս չի հասցնի եվրոպական պետությունների էներգետիկ անտանգությանը, և Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել Եվրոպային, եթե այդ նախագիծը վերահսկվի Ամերիկայի կողմից։ Նման դասավորվածության և խորհրդածությունների դեպքում կա մի շատ խոցելի հանգամանք՝ Իրանի և Ռուսաստանի միախմբվելու հնարավորությունը, երբ տվյալ գազային շանտաժը կարող է հանգեցնել շատ տհաճ հետևանքների։ Այս վարկածն ամրապնդվում է գազային ՕՊԵԿ ստեղծելու և գազի շուկան ու գազափոխադրման նախագծերը մեծապես վերահսկելու Ռուսաստանի, Իրանի և Կատարի փորձերով։ Քննության առնելով այդ թեմային նվիրված ամերիկյան վերլուծաբանների վերջին սակավաթիվ աշխատությունները` կարելի է նկատել մի տեսակ «չինական արմատականություն», երբ համաշխարհային նշանակության հետզհետե ավելի շատ աշխարհատնտեսական նախագծեր «չափվում են» Չինաստանի շահերով և այն սպառնալիքներով, որոնք բխում են այդ տերությունից։
Դրա հետ մեկտեղ կա իրանական գազի առաքման «երրորդ» տարբերակը. դա Հնդկաստանն է, որը վաղուց ածխաջրածնային հումքի հսկայական պակաս է զգում։ Փաստորեն, էներգետիկ գործոնը դարձել է թե՛ Հնդկաստանի, թե՛ Չինաստանի տնտեսական զարգացման կարևորագույն սահմանափակիչը։ Այստեղ ծագում են հետևյալ հարցերը. ԱՄՆ-ն ինչքա՞ն է շահագրգռված եվրոպական պետությունների, հատկապես Գերմանիայի և Ֆրանսիայի էներգետիկ խնդիրների հաջող լուծմամբ. ԱՄՆ-ի համար որքա՞ն է ընդունելի էներգապաշարների տարանցումը Թուրքիայով, որը հետզհետե ավելի անհուսալի է դառնում. ամերիկացիների համար ի՞նչն է ավելի կարևոր՝ Իրանից եկամուտներ ստանա՞լը, թե՞ Հնդկաստանի հաջող զարգացումը և Չինաստանի զարգացման սահմանափակումը. իրանական գազը Հնդկաստան փոխադրելն արդյոք կարո՞ղ է հանգեցնել, այսպես կոչված, գազային ՕՊԵԿ-ի մասնակից երկրների տարանջատման, եթե պարզվի, որ ընդհանուր շուկա դուրս գալը քննարկման առարկա չէ։ Ինչպես տեսնում ենք, խաղային իրավիճակ է գոյանում, որի մեջ չի կարող իր շահերը չունենալ Մեծ Բրիտանիան։ Եթե հարցնեք, օրինակ, «Բի-Փի» ընկերության վերլուծաբանական խորհրդի փորձագետներին, ապա, անկախ պատասխանից, կարելի է կռահել, որ Մեծ Բրիտանիան բնավ էլ շահագրգռված չէ իրանական գազի փոխադրմամբ ո՛չ Եվրոպա, ո՛չ էլ Չինաստան։ Բայց բրիտանացիներին հատկապես անհանգստացնում է իրանական գազը Ռուսաստանի գազափոխադրական համակարգով Եվրոպա տարանցելու հնարավորությունը։ Դա էական հարված կհասցներ ոչ միայն Մեծ Բրիտանիայի էներգետիկ, այլև ողջ քաղաքականությանը Եվրասիայում և Մերձավոր Արևելքում։
Այսպիսով, Բժեզինսկու «իրանական ծրագիրը» միանգամայն այլ ընդգրկում է ձեռք բերում, և Իրանը որպես Ռուսաստանին դիմակայող գործիք օգտագործելու խնդիրը դառնում է առավել ընդարձակ ծրագրի սահմանափակ բաղկացուցիչ, ծրագիր, որը, վերջին հաշվով, նպատակաուղղված է Չինաստանի զսպմանը։ Իհարկե, այդ դեպքում Հայաստանը զրկվում է եվրոպական և ռուսական ուղղություններով իրանական գազի տարանցման վերջին հույսից, թեպետ Իրանի գազի պաշարներն այնքան վիթխարի են, որ կարելի է գերազանցել ում ասես և ապահովել փոխադրումներն առնվազն ռազմավարական երկու ուղղությամբ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1063

Մեկնաբանություններ